«ՀԱԿ-ը երբեք չի գնա անպարկեշտ գործարքների, ես դա ասում եմ միանշանակ, դա բացառված է: Եթե նման բան տեղի ունենա, դա նույնն է, թե մարդ խաչ քաշի իր ամբողջ ապրած կյանքի վրա: Եվ ես սա ասում եմ ոչ միայն իմ, այլև ամբողջ ՀԱԿ-ի անունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված և համաներմամբ մայիսի 27-ին ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը: Նա այս հայտարարությունն արեց՝ ի պատասխան այն դիտարկման, թե ըստ որոշ խոսակցությունների՝ ՀԱԿ-ը գործարքի է գնացել իշխանությունների հետ՝ խորհրդարանում մանդատներ ունենալու խոստում ստանալով:
Հարցին, թե երբ ՀԱԿ-ը կդադարի պայքարել արտահերթ ընտրությունների համար, Փաշինյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը դրա համար կպայքարի մինչև վերջ, իսկ «մինչև վերջը» հերթական ընտրություններն են: «Ես կարծում եմ, որ եթե արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջարկը հնարավոր լինի ցույց տալ Ազատության հրապարակում, այդ պահից սկսած արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը կդառնա մեկ ամսվա գործ»,- ասաց նա:
Փաշինյանը հնարավոր համարեց, որ «իշխանությունները կգնան վերջերս արթնացած ռեալիզմի ճանապարհով և կհասկանան, որ ստեղծված իրավիճակի միակ ելքը արտահերթ ընտրություններն են»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես Սերժ Սարգսյանը կարձագանքի բանակցությունները սկսելու ՀԱԿ-ի առաջարկին, Փաշինյանը պատասխանեց, որ ինքը չէր ցանկանա մեկնաբանել Սերժ Սարգսյանի հնարավոր քայլերը: Նրա խոսքով՝ իրենց առաջարկը իշխանության թե մերժվելու, թե ընդունվելու տարբերակների համար էլ «ՀԱԿ-ն ունի համապատասխան արձագանք»: ՀԱԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ իրեն չի տեսնում իշխանության հետ բանակցող պատվիրակության կազմում:
Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ՀԱԿ-ի դիրքորոշման մեղմացումը, Նիկոլ Փաշինյանը տարակուսանքով արձագանքեց, որ ներքաղաքական դաշտում մեղմացում եղել է, բայց դա իշխանական դաշտի մոտեցման փոփոխության արդյունք է:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ն այլևս կարծես չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե իրենք պահանջում էին Սերժ Սարգսյանի հեռացումը 2008թ-ին, իսկ այդ նպատակին հասնելու մեխանիզմներից է երկխոսությունը, որի օրակարգը, Փաշինյանի ընդգծմամբ, արտահերթ ընտրություններն են:
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայտարարվի նախագահի իմփիչմենթի կամ հրաժարականի մասին: «Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջն ուժի մեջ է, որովհետև եթե նա չհեռանա, ինչպե՞ս են հնարավոր արտահերթ ընտրությունները»,- նշեց Փաշինյանը:
Հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը մեղավոր չէ մարտմեկյան դեպքերի համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ընդդիմությունը մեղավոր է նրանում, որ թույլ է տվել երկրում ձևավորել այնպիսի լկտի իշխանություն, որը գնդակահարում է իր ժողովրդին»: Նա պաշտոնապես հավաստիացրեց, որ ընդդիմությունն այլևս նման բան թույլ չի տա:
Դիտարկմանը, թե ժողովրդին ծեծելու, ընտրությունները կեղծելու ավանդույթը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀԱԿ-ի առաջնորդը ընտրություններ կեղծելու տրադիցիա չի մտցրել:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, Փաշինյանն արձագանքեց, թե անգամ մեծ ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը չի կարող հեռանալ քաղաքականությունից: «Էդ հանրությունը պիտի թույլ տա, որ պարոն Քոչարյանը հեռանա քաղաքականությունից»,- նշեց նա:
Վերադառնալով իր գործունեությանը՝ «Հայկական ժամանակի» խմբագիրը շեշտեց, որ այն որևէ փոփոխություն չի կրի, ապա ուրախությամբ ընդգծեց, որ ինքը կարողացել է բանտում էլ զբաղվել նրանով, ինչով զբաղվել է ազատության մեջ եղած ժամանակ՝ չնայած քրեակատարողական հիմնարկի ստեղծած խոչընդոտների:
Թերթ.am