«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է հրապարակավ` հենց Ազատության հրապարակում, ձևավորել «պետության համար անհրաժեշտ ազգային օրակարգը»: Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» ղեկավարի հրավիրած հավաքին նրա կուսակցության անդամներից բացի մասնակցում էին ՀՀՇ-ից հեռացած և այժմ «3Ա» նախաձեռնության հեղինակ Կարապետ Ռուբինյանը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվիստներ և այլք:
Հովհաննիսյանը հավաքվածներին առաջարկեց ամենշաբաթյա հանդիպումները դարձնել ավանդույթ և ամեն անգամ քննարկել որևէ կարևոր խնդիր ու փորձել գտնել դրա լուծումը: Նա հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հիշեցրեց, որ հունիսի 25-ը, երբ Կազանում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ևս շաբաթ օր է, և իրենք կհանդիպեն ու կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջը ստեղծված իրավիճակը:
Tert.am-ի հետ առանձնազրույցում Ժառանգության առաջնորդն ասաց. «Իմ շուրթերից քիչ եք լսելու այլ ուժերի անուններ, որովհետև այսօր կարևորը ոչ թե դա է, այլ այն, թե մենք ինչ ենք անում: Քաղաքացիական ազգային օրակարգը պետք է հրապարակավ ձևավորվի, և սա մի համեստ, բաց, հրապարակային գործընթաց է, որի նկատմամբ իմ ցանկությունն այն է, որ շահագրգիռ քաղաքացիները` բոլոր համապատասխան դաշտերից գան ու բարձրաձայնեն մեր ազգին հուզող հարցերի ու դրանց լուծումների մասին: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ այլընտրանքը, որն անհրաժեշտ է մեր պետության համար, պետք է գա մեր ժողովրդից, այս հրապարակից, և օրակարգը պետք է բաց և թափանցիկ ձևավորվի»:
Թերթ.am
0 Response to 'Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է «հրապարակավ ձևավորել ազգային օրակարգ»'
Publicar un comentario