Որպես օրինակ` նա նշեց Հրաչիկ Սիմոնյանի՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազատագրական պաքարի հնգհատորյա ծավալուն ուսումնասիրությունները, որ վավերագրերի, աղբյուրագիտական հսկայական աշխատանքի և պատմագիտական վերլուծությունների արդյունքում ներկայացնում են հայոց` այդ ժամանակաշրջանի պատմությունը` ներկայիս հայոց պատմության դասագրքերից բավական տարբեր եզրահանգումներով:
Թղթակցի` պատմության դասագրքերում հայի կերպարի առանձնահատկությունների վերաբերյալ հարցին` պատմաբանը պատասխանեց. «Հինգերորդ դասարանում մենք սովորեցնում ենք, որ Տիգրան Մեծը ստեղծել է աշխարհակալ պետություն, վեցում ասում ենք, թե եկան քոչվոր ցեղեր, և նրանց դեմ մենք պատրաստ չեղանք, ի զորու չեղանք դիմագրավել, յոթերորդ դասարանում, ունիկալ մի բան է սա, սովորեցնում ենք, որ առանց ռուսների հնարավոր չէ որևէ փրկություն, ութում՝ որ անկախ պետականությունը մենք ի վիճակի չէինք պահելու: Արդյունքում՝ կասկածելի է, որ պետականամետ, հայրենանվեր կերպար ձևավորվի»։
«Մենք պիտի նորովի մատուցենք մեր պատմության էջերը` վերագնահատելով ու հասկանելով, թե ինչպիսի սերունդ ենք դաստիարակում։ Ի վիճակի լինելո՞ւ է այն պետությունը համարել բարձրագույն արժեք»,- ասաց Ղարիբյանը` հավելելով, որ շատ դեպքերում բարոյական անկումը պայմանավորված է պետական արժեքների` անձնականին ստորադասմամբ։
Վերադառանալով համացանցի օգնությամբ հայի հավաքական կերպարի ներկայացմանը` Ղարիբյանը հիշեց մի թուրք գիտնականի որակում. «Հայը նման է մի մարդու, որ ամեն առավոտ թակում է իր հարևանների դռներն ու ասում՝ իմացեք, որ ձեր հարևանը (այսինքն՝ ինքը) մարդասպան է, և բոլորը վախենում են նրանից»:
«Հայաստանում այս կերպարը չի հիշվում, մինչդեռ թուրքը ասել էր. «եթե մենք դրան աստիճանաբար չդիմադրենք, կգա մի պահ, երբ բոլորը մեզ կմեղադրեն»»,- ասաց Ղարիբյանը։
«Մենք այսօր, ցավոք սրտի, գնահատական չենք տվել ազգային կուսակցությունների մարտավարությանը՝ երիտթուրքերի հետ համագործակցության գնալը, հայերի` տարբեր տեղերում զինաթափմանը, մնացածին…»,- ասաց նա` հավելելով, որ այսօրվա քաղաքականության համար մեծ նշանակություն կարող է ունենալ անցյալ դարասկզբի իրադարձություններում մեր ավանդական կուսակցությունների դերն ու գործը վերարժևորելը:
Ղարիբյանի խոսքով` թուրքական քաղաքականության էությունը պարզ էր դեռ 1909 թ, երիտթուրքերի դիրքորոշումը լիովին ակնհայտ էր: «Սակայն ի՞նչ արվեց մինչև 1915թ։ Եթե մենք նայենք մեր կուսակցությունների դիրքորոշումներին, կզարհուրենք… Կարծես նրանք մեզ թողեցին բախտի քմահաճույքին, մենք կանգնեցինք թուրքերի դիմաց բոլորովին անպատրաստ, իսկ եթե պատրաստված լինեինք, զգոն լինեինք… օրինակ Վանում հայերն ուշադիր էին, զգոն էին, թուրքերը հասկացան, որ այնտեղ իրենք հաղթանակի հասնել չեն կարող ու հետ քաշվեցին»,- ընդգծեց պատմաբանը:
Թերթ.am
0 Response to 'Փրկությունը հայերի հավաքական ուժն է. ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը նորովի է ներկայացնելու պատմությունը'
Publicar un comentario