Նա ասաց, որ խորհրդակցության նպատակն է լսել և քննարկել ՀՀ կառավարության հաշվետվությունը Օրհուսի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ և տալ ՀԿ-ների գնահատականն այդ առնչությամբ:
«Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2001թ.:
Այս տարի լրանում է կոնվենցիայի վավերացման տասնամյակը, ինչի կապակցությամբ այսօր «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էին խորհրդակցություն:
Հայաստանը Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեին երկու հաղորդում է ներկայացրել՝ Դալմայի այգիների կառուցման և Թեղուտի հանքավայրի շահագործման գործերով, որոնցից երկուսով էլ կոմիտեն որոշում է ընդունել, որ Հայաստանը ձախողել է կոնվենցիայի մի շարք դրույթների իրականացումը:
«Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն երկու անգամ գնահատել է Հայաստանի կողմից կոնվենցիայի մի շարք դրույթների ձախողումը՝ մասնավորապես հասարակության մասնակցության վաղ և արդյունավետ ապահովման մասով: Այսինքն, հասարակությունը, որպես կանոն, այդ գործընթացների մասին իմանում է ուշ փուլերում և անգամ եթե լինում է մասնակցություն, հասարակությունը չի կարողանում որևէ բան փոխել, որովհետև որոշումներն արդեն ընդունված են լինում»,- հայտարարեց Սոնա Այվազյանը:
Ս. Այվազյանն ընդգծեց, որ ըստ Օրհուսի կոնվենցիայի պետք է հասարակությունը նախապես տեղեկացված լինի բնապահպանական խնդիրներին առնչվող այս կամ այն գործողությունների մասին: Սայկայն հասարակությունը, ըստ նրա, այդ խնդիրների մասին տեղեկացված է լինում ավելի ուշ և չի կարողանում մասնակից դառնալ ընթացող գործընթացներին: Այսպիսով` Հայաստանը խախտում է օրհուսի կոնվեցիայի այս դրույթը:
Նշենք, որ խորհրդակցությանը հրավիրված են բնապահպանական, հասարակական կազմակերպություններ, նախարարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Բնապահպան Կարինե Դանիելյանը շեշտեց, որ կոնվենցիան երեք հիմնակետ ունի՝ բնապահպանական խնդիրների մասին տեղեկատվություն ստանալը, գործընթացներին մասնակցություն ունենալը և արդարադատության մատչելիության հասնելը:
Բնապահպանի խոսքով՝ տեղեկատվություն ստանալու խնդիրը մեր երկրում լուծվում է, գործընթացներին մասնակցություն ունենալու հարցը մասամբ է լուծվում, սակայն կոնվենցիայի երրորդ կետը որևէ ձևով չի լուծվել:
Հաջորդ ամիս Քիշնևում կայանալու է կոնվենցիայի կողմերի հանդիպումը: Սոնա Այվազյանը համոզված է, որ Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտումը վնասում է Հայաստանի հեղինակությանը:
Slaq.am
0 Response to 'Հայաստանը ձախողել է Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ'
Publicar un comentario