Հացադուլից «Ժառանգության» առաջնորդին հանեց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ, տեր Գրիգոր Հովհաննիսյանը` աղոթելով և օրհնելով հացը, որից ճաշակեցին նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ընտանիքի անդամները:
«Մենք տեսանք, որ բանավեճերի, զորակցական այցելությունների, երգ ու պարի, ազատության միջոցով մեր ժողովուրդը պահանջում է իշխանության վերադարձը դեպ իրեն: Պահանջում է թե' ընտրական եղանակներով, թե' ըստ էության: Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը մերժում է կուսակցապետության վտանգը, որ այսօր տարածվում է մեր երկրի վրա: Որ պետք է վերջացնել իշխանական կոռուպցիան, շահի բախումը, հացի, աշխատանքի, մայրենի լեզվի, մաքուր միջավայրի իրավունքը վերադրաձնել հայ ժողովրդին», - ասաց նա:
«Ժառանգության» առաջնորդը նշեց նաև, թե վերջին շաբաթները ցույց տվեցին, որ ալեհերից մինչև երիտասարդ գիտակցում են, որ Հայաստանի քաղաքական խնդիրները կլուծվեն «ներքին ժողովրդավարությամբ և ազատությամբ», «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ ամրագրված սահմաններով Արցախի ճանաչմամբ, Հայաստան - Թուրքիա ամոթաբեր, հակապետական, հակազգային և հակաիրավական արձանագրությունների ստորագրությունների հետկանչի միջոցով»:
Հացադուլը դադարեցնելու` իր որոշման վրա ազդել են նաև այն բազմաթիվ հորդորները, որ ստացել է հազարավոր մարդկանցից, բժիշկների զգուշացումները, ինչպես նաև այն, որ վաղը լրանում է իր դստեր` Շուշիի 18 տարին:
Հայտարարելով, որ դադարեցնում է «Ազատության ծոմի» առաջին արարը` Հովհաննիսյանն ընդգծեց, որ «գործն ավարտված չէ», և անհրաժեշտ է, որ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում այն, ինչ մեկնարկել է, գտնի իր շարունակությունը:
«Դա չի նշանակում, որ պայքարը ավարտվում է: Սա մի երկար շղթայի սոսկ մի փոքր օղակն էր, որ տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում վերջին 15 օրերի ընթացքում: Ես և մենք` միասին դարձյալ պիտի վերադառնանք հրապարակ և ամբիոններ` քաղաքացիական և քաղաքական գնահատական տալով մեր երկրի առջև կանգնած մարտահրավերներին, գործող իշխանության իրական պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին և, առաջին հերթին, այն քայլերին, միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը և հայ ժողովրդին հետ պահելու հնարավոր կործանումից, արյունից և այսօրվա անարդար, անիրավ վիճակի խորացումից: Այդ պայքարը պիտի շարունակենք միասին, այդ պայքարի մեջ չի լինելու առաջամարտիկ կամ հետնապահ, չի լինելու ընդգծված լիդեր, չի լինելու թիկունքային, անտեսված քաղաքացի»:
«Ազատություն» ռադիոակայանի հարցին, թե որն էր այս 15 օրերի ընթացքում ստացված արդյունքը, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Ոգի և գիտակցություն: Եվ ապագայի հեռանկարի արդեն բացվող լուսամուտ… Եկել է ակտիվ և համապարփակ գործողությունների ժամը: Ես էլ հազարների մեջ մեկ շարքային մասնակիցն եմ լինելու այդ պայքարի»:
Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը նախօրեին մտահոգություն էր հայտնել նրա առողջական վիճակի առնչությամբ: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել էր նրան դադարեցնել հացադուլը:
Անցած օրերին Ազատության հրապարակում մի շարք քաղաքական պահանջներով հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի ոստիկանապետը, առողջապահության և արդարադատության նախարարները, ԱԺ-ի ընդդիմադիր և իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորներ:
«Ժառանգության» առաջնորդը, մասնավորապես, իր հացադուլի օրերին համոզմունք է հայտնել, որ այսօր ժողովրդի պահանջը և Հայաստանի արդի հրամայականն է «ամբողջ իշխանության արտահերթ և օրինավոր, նորովի ձևավորումը»:
/Ռուզաննա Ստեփանյան/
Աղբյուրը` azatutyun.am
0 Response to 'Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է հացադուլը (տեսանյութ)'
Publicar un comentario