Հայաստանի տարածքում մեր ժողովրդի պատմության ականատես հանդիսացող հարյուրավոր հնավայրեր այսօր գտնվում են բարձիթողի վիճակում: Ներկայիս սերնդի պարտքն է ապահովել պապերի ժառանգության փոխանցումը հաջորդ սերունդներին:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը իրականացնում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան, որի շրջանակներում շաբաթը մեկ նախաձեռնության անդամները մեկնում են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հնավայրեր և մաքրում դրանց շրջակա տարածքը կենցաղային աղբից: Ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով:
Նախօրեին' մայիսի 22-ին, երիտասարդները մեկնել էին Վայոց Ձորի մարզի Շատինավանք համալիր (X դ.): Երբեմնի հռչակավոր սրբատեղին համապատասխան մարմինների անտարբերության պատճառով այսօր աղետի շեմին է հայտնվել: Շատին գյուղի բնակիչների խոսքերով' դրա վիճակը տարեցտարի վատթարանում է: «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամները իրենց ուժերին ներածի չափով ազատեցին Շատինավանքը կուտակված աղբից, սակայն հուշարձանի պահպանման խնդիրը պետական համապատասխան մարմինների և Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մասնագետների հոգածության կարիքն է զգում:
«Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա մայիսի 29-ին: Կո՛չ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը' զանգահարելով (091) 60-07-44 հեռախոսահամարով:
Միասին պահպանե՛նք մեր պատմությունը:
0 Response to 'Հայկական հնամյա սրբատեղիները խայտառակ վիճակում են'
Publicar un comentario