«Որպես բժշկական օգնության անվճար Medicaid ծրագրի բարելավման միջոց՝ Արիզոնայի նահանգապետն առաջարկել է գումար գանձել նահանգի այն բնակիչներից, ովքեր անառողջ կենսակերպ են վարում։
Հեռուստաալիքը մեջբերում է հիվանդությունների հսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնների տվյալները, որոց համաձայն՝ 2009թ. Արիզոնայի բնակիչների 25 տոկոսը տառապում էր ճարպակալմամբ։ Գրանցված ծխողների տվյալներն ավելի հին են. 2005թ. կազմել է 15,9 տոկոս։ Երկու կատեգորիաներն ընդհանուր կազմում են ավելի քան 762 հազար մարդ։
«Եթե դուք չեք ուզում ձեր կյանքը փոխել և պատասխանատվություն կրել սեփական առողջության համար, ինչը արդդյունքում հանգեցնում է պետական ծախսերի, ապա պետք է մասնակցեք համաֆինանսավորմանը։ Դուք պետք է պատասխանատվություն կրեք այն բանի համար, որ ձեր ծխելը մեզ վրա կլորիկ գումար է նստում»,- հեռուստաալիքին ասել է Medicaid-ի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ ներկայումս դեռ մշակված չէ առողջ ապրելակերպ վարելու կանոնների պահպանման մոնիթորինգի մեթոդը, սակայն չի բացառվում, որ պետական մարմինները կիրառեն բժիշկների կողմից մարդկանց անսպասելի ստուգումների մարտավարությունը և պոտենցիալ նոր հարկատուներից ստորագրություն ստանան, որ նրանք պարտավորվում են զբաղվել մարմնամարզությամբ և թողնել ծխելը։
Այս նախաձեռնությունն արդեն հակազդեցության է հանդիպել։ Մասնավորապես, նահանգի սենատոր Քրիստին Սինեման ասել է, որ ծխողների և գերերի համար հարկ սահմանելը դուրս է միջոցների բարոյականության շրջանակից։ «Որոշ մարդիկ հիվանդ են շաքարախտով և ունեն ավելորդ քաշ ոչ իրենց սխալների պատճառով։ Սխալ է մարդկանց տուգանել ոչ իրենց մեղքով ձեռք բերված հիվանդության պատճառով։ Դա կհանգեցներ հաշմանդամների պատժի, այնինչ նրանք ոչ մի սխալ բան չեն արել»,- ասել է սենատորը։
Թերթ.am
0 Response to 'Արիզոնա նահանգը հնարավոր է՝ հարկ սահմանի գեր մարդկանց համար'
Publicar un comentario