300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Պոլսո հայոց Պատրիարքարանը տոնում է 550-ամյակը

Publicado por losarmenios On 3/25/2011 01:46:00 a. m.
ԱՐԱՄ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԹԵՇՅԱՆ
Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ

-Սրբազա՛ն, եկե՛ք զրույցը սկսենք Պոլսո հայոց պատրիարքարանի մասին համառոտ պատմական ակնարկով:
-Երբ 1453 թ. Մեհմեդ Ֆաթիհ սուլթանը գրավեց Կ. Պոլիսը, 8 տարի անց` 1461 թ.-ին, ըստ ավանդության, իր սիրելի բարեկամին` Բուրսայի եպիսկոպոս Հովակիմին, բերեց Պոլիս, հռչակեց պատրիարք և հիմնեց Պոլսո հայոց պատրիարքարանը: Այս քայլը նաև ուղղված էր հույների դեմ, քանի որ նրանք ևս պատրիարքարան ունեին: Միևնույն ժամանակ սուլթանը գավառներից բերել տվեց հազարավոր հայերի` բնակեցնելով Պոլսի պարիսպների շուրջ. սուլթանի համար հայերը վստահելի ժողովուրդ էին:
Այդ էր պատճառը, որ հայերին շնորհվեց "Միլլեթի սադըքա" ("Վստահված ժողովուրդ") անվամբ մի հրովարտակ: Այս տարի` 2011 թ.-ին, լրանում է պատրիարքարանի 550-ամյակը: Տարեդարձի տոնակատարություններն սկսելու ենք այս տարվա ապրիլից` շարունակելով ողջ տարին: 550 տարվա պատմության մեջ պատրիարքարանը գործել է Թուրքիայի մեջ և իշխանություն ունեցող աթոռ է եղել. նույնիսկ Մայր եկեղեցու մեջ կաթողիկոս ենք օծել: Քանի որ Օսմանական պետության կենտրոնը Պոլիսն էր, Պոլսի պատրիարքարանի աթոռն էլ բարձր դիրքում էր գտնվում: Սակայն 1915 թ.-ից հետո պատրիարքարանը պատասխանատու եղավ միայն Թուրքիայի սահմաններում ապրող հայերի համար:

-550 տարիների ընթացքում ինչպիսի՞ դերակատարություն է ունեցել Պոլսո հայոց պատրիարքարանը հայ ժողովրդի կյանքում:
-Եթե հայացք ձգենք պատմությանը, կտեսնենք, որ Պոլիսը եղել է մշակույթի կենտրոն: Բազմաթիվ գրողներ, իրավաբաններ, պատգամավորներ` բոլորը սերել են այստեղից ու մեծ դեր կատարել հայ ժողովրդի պատմության մեջ: Պոլիսը 550 տարվա պատմության ընթացքում մեծ հեղաշրջում է կատարել մեր ժողովրդի կյանքում: Մինչ օրս էլ Պոլսի համայնքն իսկապես գործուն համայնք է եւ մեծ դեր է կատարում Թուրքիայի կյանքում: Թեև դեռևս չունենանք քաղաքական ձայն, այնուամենայնիվ հայերը մեծաթիվ են Թուրքիայում ապրող փոքրամասնությունների մեջ` կազմելով 70 հազար: Պատահական չէր, որ պետությունը մեզ մեծ կարևորություն է տալիս:

-Կարելի՞ է ասել, որ հենց Պոլսո հայոց պատրիարքարանն է համախմբում այստեղի հայերին իր շուրջը:
-Անշո՛ւշտ, եթե պատրիարքարանը գոյություն ունի, ուրեմն գոյություն ունի նաև հայ համայնքը, և մեր համայնքը` իր բոլոր հաստատություններով, շրջապատել է հայոց պատրիարքարանը, գործում է վերջինիս հովանու ներքո: Մենք քաղաքական հարցերի շուրջ իրավունք չունենք որևէ հաստատության հրահանգներ տալու, քանի որ թաղային խորհուրդները և նման այլ բոլոր հաստատությունները գործում են պետության վավերացմամբ: Սակայն հայկական կազմակերպությունները բարոյապես կապված են մեզ և ենթակա են մեր հրահանգներին: Այսօր առանց պատրիարքարանի որոշման ոչ մի թաղային խորհուրդ, հոգաբարձու կամ խնամակալ ինքնագլուխ չի գործում: Քանի որ մենք կրոնաազգային համայնք ենք, հայերը սերտ կապված են պատրիարքարանին:

-Դուք նշեցիք, որ հայկական համայնքի թիվը կազմում է 70 հազար մարդ: Ի՞նչ հաշվարկներով է այդ թիվը ներկայացվում:
-Պատրիարքարանը չունի այս 70 հազար հայի անունների գրանցումները, բայց յուրաքանչյուր թաղամաս ունի իր գրանցամատյանները, որոնց շնորհիվ էլ տեղեկանում ենք, թե որ թաղում քանի հայ է բնակվում: Պետք է նշել, որ հայերի թիվն իրականում 70 հազարից ավելի է. կան շատ հայեր, ովքեր քաջություն չունեն ասելու, որ հայ են: Իրենց ազգությունը գաղտնի պահող հայերի թիվը հասնում է 100 հազարի: Հետևաբար կարելի է ասել` Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար հայ: Նրանք գիտեն իրենց հայ լինելու մասին, բայց քանի որ ապրում են շրջաններում, վախենում են, որ իրենց կհեռացնեն աշխատանքից, թաքցնում են իրենց ինքնությունը:

-Որքանո՞վ են այդ վախերն արդարացված:
-Թուրքիայի մասին խոսելիս պետք է անդրադառնանք նրա արևելյան և արևմտյան շրջաններին: Արևմտյան շրջաններում հասարակությունը` մասնավորապես երիտասարդությունը, համեմատաբար ավելի զարգացած է: Մի կողմ թողնելով այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Պոլիսը, Անկարան, Իզմիրը եւ Անթալիան` անհրաժեշտ է դիտարկել Սասունը, Կարսը, որտեղ ժողովուրդը թաքցնում է իր ինքնությունը: Այսպես, այն ժամանակ, երբ բացահայտվում է հայ ուսուցչի ինքնություն, նրան հեռացնում են աշխատանքից: Նման երեւույթները հաճախակի են տեղի ունենում: Այսինքն` Պոլսի և այլ արեւմտյան քաղաքների կյանքը լիովին տարբերվում է արեւելյան շրջանների կյանքից:

-Հայերի մոտ նկատվո՞ւմ են Թուրքիայի արեւելյան շրջաններից դեպի արևմտյան շրջաններ տեղափոխվելու միտումներ:
-Եթե նրանք կալվածքներ ունեն արևելյան քաղաքներում, չեն կարող դրանք թողնել ու տեղափոխվել այստեղ: Այդ կալվածքները շատ դժվար է վաճառել, նույնիսկ վաճառքն իրականացվում է շատ չնչին գնով` գրեթե մեկ տասներորդ գնով: Այս պայմաններում նրանք բնականաբար չեն ցանկանում գրեթե անվճար թողնել կալվածքները: Սակայն այն հայերը, ովքեր նման կալվածքներ չունեն, փորձում են տեղափոխվել արևմտյան շրջաններ` մասնավորապես Պոլիս: Նրանք դիմում են պատրիարքարան, փոխում իրենց անձնագրերը` դառնալով հայ քրիստոնյա:

-Պոլսից դուրս հայերը որտե՞ղ են առավելապես կենտրոնացած:
-Վերոնշյալ 70 հազարից 66-67 հազարը բնակվում է Պոլսում: Գավառաբնակ հայության թիվը չի անցնում 3000-ից: Ավելի քան 500 հայ բնակվում է Անկարայում: Սեբաստիայում ունենք 70 հոգի, Խարբերդում` շուրջ 20 հայ ընտանիք: Մալաթիայում հաշվվում է շուրջ 20 ընտանիք կամ 50 հայր: Իսքենդերունում, որտեղ ունենք 3 հայկական եկեղեցի, բնակվում է շուրջ 300 հոգի: Այլ քաղաքներում ապրում է շուրջ 10-20 հայ:

-Իսկ հայ համայնքը համալրվո՞ւմ է արտասահմանից եկող հայերով:
-Մենք այդ 70 հազարի մեջ նկատի չունենք հայաստանցի հայերին, որովհետև նրանք տեղացի չեն: Բոլորն էլ, եթե չասենք փախստական (պետությունն արտոնել է նրանց), բայց անօրինական են ապրում Թուրքիայում. գալիս են մեկ ամսվա մուտքի արտոնագրով, սակայն ապրում են տասը տարի: Եվ, փաստորեն, քանի որ իրենք թուրքահպատակ չեն, ապա չեն կարող ընդգրկվել վերոնշյալ թվում:

-Որքա՞ն հաճախ եւ ի՞նչ հարցերով են հայերը դիմում պատրիարքարանին:
-Երբ խնդիրներ են ունենում, այդ ժամանակ են դիմում պատրիարքարանին: Դա նորմալ երևույթ է, եւ պատրիարքարանը փորձում է իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել նրանց: Պետք է նշել, որ հիմնականում պատրիարքարանի շրջակայքում բնակվող հայերն են, որ ամեն կիրակի գալիս են պատարագի: Դժբախտաբար, դժվար է լուծել նրանց պսակադրության և մկրտության խնդիրները: Նրանք այստեղ կարողանում են միայն քաղաքացիական ամուսնություն կնքել, բայց ոչ եկեղեցական պսակադրություն: Հետևաբար եկեղեցին նրանց զավակներին ընդունում է որպես ապօրինի երեխաների: Մենք, չցանկանալով, որ այդ մանուկները մնան չմկրտված, մկրտում ենք և շատ մտորում այդ հարցի լուծման ուղիները գտնելու շուրջ:

-Ի՞նչ խնդիրներ եւ դժվարություններ ունի հայ համայնքը:
-Երբ մենք խոսում ենք հայկական համայնքի խնդիրների մասին, նկատի ունենք մեր հաստատությունների դժվարությունները: Պատրիարքարանին հետաքրքրում է ոչ թե առանձին հայ անհատների հոգսերը, այլ համայնքի ընդհանուր շահը: Օրինակ` ունենք կալվածքներին առնչվող խնդիրներ: Մինչեւ 1980-ական թթ. մեր եկեղեցին, դպրոցները, այլ հաստատություններն ու կալվածքները եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասնությամբ բռնագրավված էին: Բայց այս իշխանությունների օրոք մի փոքր մեղմացել են այդ հարցերը: Քանի որ այս կառավարությունը համեմատաբար ավելի կրոնամոլ է ու հարգանք է տածում մյուս կրոնների հանդեպ, սկսեց մեր կալվածքները աստիճանաբար վերադարձնել; Սա պահանջում է նաև Եվրոպական Միությունը: Հատկանշական է, որ մեր եկեղեցիները, դպրոցները և մյուս հաստատությունները կանգուն են մնում հենց այս կալվածքների եկամուտների շնորհիվ: Թեեւ պետությունն սկսել է կամաց-կամաց վերադարձնել կալվածքները, բայց դեռ ընդամենը 100-ից 5-ն է հետ տրվել: Մենք դեռ շատ կարևոր կալվածքներ ունենք, որ հետ ենք պահանջում պետությունից, եւ տակավին կան վիճելի կալվածքներ: Չգիտենք, թե նրանցից քանիսը հետ կտան: Եթե պետությունը չի վերադարձնում կալվածքները, մենք դիմում ենք դատարան: Եթե դատարանն էլ է մերժում մեր հայցը, դիմում ենք եվրոպական դատարան` պահանջելով մեր իրավունքը:

-Կարելի՞ է ասել, որ Թուրքիայի բոլոր հայկական դպրոցները գտնվում են պատրիարքարանի ենթակայության տակ:
-Այո՛, բայց հովանու տակ: Դպրոցները գործում են անկախ, բայց բարոյապես ենթակա են պատրիարքարանին և հաշվի են առնում մեր հրահանգներն ու դիտողությունները:

-Քանի՞ հայկական կրթօջախ կա այսօր Թուրքիայում:
-Նախ նշենք, որ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ունենք նաև հայ կաթոլիկ եկեղեցի և համայնք, որի անդամների թիվը չի անցնում 3000–ից: Հայ կաթոլիկ եկեղեցին ունի 10 եկեղեցի ու 3 դպրոց: Հայ բողոքական համայնքի անդամների թիվը չի հասնում 1000 հոգու: Այս համայնքը չունի որևէ դպրոց: Եթե Հայ առաքելական եկեղեցու ունեցած դպրոցներին միացնենք նաև հայ կաթոլիկ եկեղեցու դպրոցները, ապա կունենանք 15 հայկական դպրոց: Պոլսո հայոց պատրիարքարանի հովանու տակ գործում է 12 հայկական դպրոց, որոնցում սովորում է ավելի քան 3000 աշակերտ:
Այս թիվը շատ փոքր է: Ժամանակին մեկ դպրոցում սովորողների թիվը հասնում էր 1500-2000-ի: Երեխաների եւ պատանիների մեծ մասը նախընտրում է հաճախել տեղական դպրոցներ կամ արտասահմանյան քոլեջներ: Ոմանք քոլեջներն են գերադասում, որովհետեւ այնտեղ ավելի որակյալ ուսում են ստանում: Ոմանք նախընտրում են թուրքական դպրոցները, քանի որ անվճար են: Ոմանք էլ հայկական դպրոցներ չեն ուղարկում իրենց երեխաներին, քանի որ իրենց տանը մոտ որևէ հայկական դպրոց չկա: Պետք է նկատել, որ հայ աշակերտների թիվն առավել շատ է օտար դպրոցներում: Հենց այդ պատճառով էլ վերջին տարիներին մեծացել է խառն ամուսնությունների թիվը:

-Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում պատրիարքարանը համայնքի ուծացումը կանխելու ուղղությամբ:
-Պետությունը մեղավոր չէ այս հարցում: Նշված բոլոր խնդիրներն էլ մեր համայնքի հոգսերն են: Դրանք ի հայտ են գալիս նաև բազում ընտանիքների՝ սեփական մշակույթի, եկեղեցու, դպրոցի նկատմամբ անտարբերության հետևանքով:

-Քանի՞ հայկական եկեղեցի է գործում Թուրքիայում:
-Պոլսի մեջ ունենք ընդհանուր թվով 37 եկեղեցի: Մի գործող հայկական եկեղեցի ունենք Կեսարիայում, 3-ը` Իսքենդերունում, 2-ը` Տիգրանակերտում, մեկն էլ՝ Մարդինում՝ Դեւրիքում: Այսինքն՝ ընդհանուր թվով` 44 հայկական եկեղեցի:

-Դուք ասացիք, որ Իսքենդերունում ապրում է 3000 հայ, եւ գործում է 3 եկեղեցի: Կարելի՞ է ասել, որ հենց եկեղեցիների թվով է պայմանավորված վայրի հայաշատ լինելը:
-Դարեր շարունակ հենց այդպես էլ եղել է: Հայ ժողովրդին համախմբողը եկեղեցին է եղել: Առանց եկեղեցու համայնք չի կարող գոյություն ունենալ, քանի որ համայնքը կարճ ժամանակ անց կցրվի: Եկեղեցու առկայությունը մեծ դեր է խաղում՝ ձուլումը կանխելու առումով: Մեր ժողովուրդը Իսքենդերունում բնակվում է այդ եկեղեցիների շուրջ: Ամռանը Իսքենդերունի Վաքըֆ գյուղը, որտեղ գտնվում է եկեղեցիներից մեկը, ունենում է բազմաթիվ հայ այցելուներ, ովքեր գալիս ու մկրտվում են տեղի եկեղեցում: Ինչ վերաբերում է Տիգրանակերտի եկեղեցուն, ապա վերջինիս տանիքը փուլ էր եկել: Այն, դժբախտաբար, չի գործում, թեև այնտեղ ունենք փոքրաթիվ համայնք ու թաղային խորհուրդ: Կեսարիայում համայնք չունենք. այստեղ բնակվում է ընդամենը 2 ընտանիք: Տիգրանակերտում 3-4 ընտանիք կա: Բայց թաքնված հայերի 50 ընտանիք կա այստեղ: Դեւրիքում կա ընդամենը մեկ ընտանիք:

-Եթե չխոսենք մեր պատմական եկեղեցիների վերականգնման մասին, մեծ դժվարությունների հանդիպո՞ւմ եք նոր եկեղեցիներ կառուցելու հարցում:
-Առանձնապես հեշտ չէ: Օրինակ` ասորիները, որոնց թիվը հասնում է շուրջ 20 հազարի, ունեն իրենց պատկանող ընդամենը մեկ եկեղեցի, իսկ մյուս եկեղեցիները վարձում են: Նրանք դիմել են նոր եկեղեցի կառուցելու համար, պետությունը խոստացել է, բայց արդեն քանի տարի է` սպասում են: Մենք նման կարիք չունենք: Եթե կարողանանք լավ վիճակում պահել մեզ պատկանող եկեղեցիները, դա էլ է մեզ բավական: Թուրքիայի սահմաններում ամենամեծ եկեղեցին Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին է` յոթ խորաններով, մոտ 1400 ք/մ.: Տիգրանակերտի եկեղեցու վերանորոգումը պահանջում է բավականին մեծ գումար` 3 մլն ԱՄՆ դոլար, որի կեսն անգամ դեռ չենք կարողացել հավաքել: Նյութական “նեղությունը” չի թողնում, որ կարողանանք մեր եկեղեցիները մեր ուզած ձևով վերանորոգել:

-Ինչ կապեր ունի Հայոց պատրիարքարանը Թուրքիայում գործող կրոնական այլ համայնքների, հոգեւոր առաջնորդների հետ:
-Մենք շատ սերտ կապեր ունենք մյուս աթոռների հետ` հունաց պատրիարքի, ասորի եպիսկոպոսի հետ, բողոքական ու կաթոլիկ եկեղեցիների հետ: Տարին մեկ անգամ աղոթքի շաբաթ ունենք եւ յուրաքանչյուր օր տարբեր եկեղեցիներում ժողովրդի հետ աղոթք ենք անում: Շատ անգամ մեզ հուզող հարցերը քննարկում ենք միմյանց հետ, բանավիճում: Մեր հարաբերությունները շատ ջերմ են: Թուրքիայի այս կառավարության կրոնասիրության պատճառով սերտացել են հարաբերությունները նաև մուսուլմանական առաջնորդության հետ: Լավ են հարաբերությունները հրեական համայնքի հետ:

-Դիմու՞մ են այլ քրիստոնյաներ պատրիարքարանին` հայկական եկեղեցում իրենց պատարագն անելու խնդրանքով:
-Անշո՛ւշտ: Հույները դիմել են Կեսարիայի հայկական եկեղեցու համար: Երբեմն բողոքականներն են դիմում: Դիմում են ղպտիները: Իհա՛րկե, պատրիարքարանը մեծ սիրով տրամադրում է հայկական եկեղեցիները:

-Ասացիք, որ այս տարի նշվելու է Պոլսո հայոց պատրիարքարանի 550-ամյակը: Ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում այդ կապակցությամբ:
-Դեռ հստակ ամսաթվեր չենք որոշել: Տոնակատարությունները սկսելու ենք պատարագով: Նախատեսվում են բանախոսություններ նաև արտասահմանից հրավիրված հյուրերի մասնակցությամբ: Կկազմակերպվեն համերգներ, տարբեր միջոցառումներ, ինչպես նաև մեծ ընդունելություն, որին մասնակցելու են թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ թե՛ հայկական համայնքի ներկայացուցիչներ: Շատ ուրախ միջոցառումներ չենք կազմակերպելու, որովհետեւ, ինչպես գիտեք, մեր պատրիարքը ծանր և անբուժելի հիվանդ է:

-Այսօր Թուրքիայում ապրող հայերը կարողանո՞ւմ են պահպանել երբեմնի լավագույն ճարտարապետի, թատերական գործչի կամ նկարչի համբավը:
-Անշո՛ւշտ, օսմանյան շրջանի մեծ-մեծ տաղանդներն այսօր չունենք: Սակայն համայնքն ունի տաղանդավորներ: Այսօր շնորհալի գրողներ ունենք, լավագույն համալսարաններում պրոֆեսորներ, անվանի ճարտարապետներ, երաժիշտներ: Այս երկրի մեջ հայ ժողովուրդը, հայ համայնքն իր ներդրումն ունեցել են` լինի թատերական ասպարեզում թե երաժշտության կամ ճարտարապետության: Պոլսի բոլոր պալատները Պալյան ընտանիքի կողմից են կառուցվել: Մեր համայնքի անհատների այսօրվա ուսումնասիրությունները հայտնաբերեցին հարյուրավոր երաժիշտների, երգահանների, ովքեր մեծ ներդրում են ունեցել թուրքական երաժշտության զարգացման գործում: Տասնյակ անհատներ թատերագրության հիմքն են դրել: Սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից մինչև մեր օրերը հայերը մեծ դեր են խաղացել այս պետության զարգացման գործում: Ունեցել ենք նախարարներ ու պատգամավորներ: Սակայն, ցավոք, այսօր չենք կարող նման պաշտոններ զբաղեցնել: Այս կառավարության օրոք սկսեցին "դռները բացել", որպեսզի ոչ մահմեդականներն էլ կարողանան պատգամավոր ընտրվել:


Տիգրան Պետրոսյան
Աղբյուրը` armedia.am

0 Response to 'Պոլսո հայոց Պատրիարքարանը տոնում է 550-ամյակը'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն