Armfootball.com-ի հաղորդմամբ`Դորտմունդում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած ՀՀ 3 պատվիրակներից երկուսը հավակնում էին մեդալի: Առավել հաջող էր ՀՀ ընտրանու նորեկ, 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիևի մրցելույթը, ով նախ վստահ հաղթանակ տոնեց իսպանացի Ալբերտո Մարտինես Նավարոյի (7:0, 3:0) նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում էլ մեծ ջանքերի գնով, համառ պայքարում առավելության հասավ նաև վրացի երիտասարդ ըմբիշ, մրցաշարի հայտնությունը դարձած Դավիթ Խուցիշվիլու (1:1, 1:0) նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ, ուր աշխարհի կրկնակի չեմպիոն, 2010-ի Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի Դենիս Ցարգուշի հետ գոտեմարտում իրավունք ստացավ վիճարկելու մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը:
Այստեղ արդեն հաջողությունն ուղեկցեց առավել փորձառու Ցարգուշին, ով կարողացավ փորձի ու հմտության հաշվին նվազագույն առավելությամբ (1:0, 1:0) հերթական անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն: Մուսա Մուրտազալիևը այս անգամ ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով, որը նույնպես մեծ նվաճում է, և այս առումով նրա նորամուտը ՀՀ հավաքականի կազմում կարելի է հաջողված համարել:
Վատ տպավորություն չթողեց նաև 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Նա 2 տպավորիչ հաղթանակներից հետո ճիշտ է զիջեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած աշխարհի չեմպիոն Խետագ Գազյումովին, սակայն քանի որ վերջինս մտել էր եզրափակիչ, ապա Ենոքյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Ցավոք, 3-րդ տեղի համար գոտեմարտը հաջող չստացվեց Ենոքյանի համար, և 1:3,0:1 հաշվով պարտվելով մոլդովացի Նիկոլայ Ցեբանին, նա անմասն մնաց խաղարկվող պարգևներից ու գրավեց 5-րդ տեղը:
60կգ քաշային Աշոտ Տերտերյանը անհաջողության մատնվեց 1/8-րդ եզրափակչի գոտեմարտում` 3:0, 2:3, 1:3 հաշվով զիջելով Անգլիան ներկայացնող բուլղարացի Կրասիմիր Կրաստանովին և դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Այսօր առաջնության մեդալների համար պայքար կմղեն մնացած 4 քաշային կարգերի ներկայացուցիչները, այդ թվում նաև ՀՀ պատվիրակներ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը, 84 կգ քաշային Վադիմ Լալիևը և գերծանր քաշային Ռուսլան Բասիևը:
Fuente: 1Lur.com
0 Response to 'Էդգար Ենոքյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը'
Publicar un comentario