Թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից առաջադրվել են Մելքոն Քարաքյոսեն և Հերման Բալյանը, իսկ Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցությունից պատրաստվում է առաջադրվել Արև Ջեբեջին, «Ազգայնական շարժում» կուսակցությունից՝ Գեղամ Կարապետյանը։
Փոփոխություններ են նկատվում նաև Էրդողանի գլխավորած կուսակցության դիրքորոշման մեջ։ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրել «Թարաֆ» (Taraf) օրաթերթի հոդվածագիր Մարգար Եսայանի, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուի, Մելքոն Քարաքյոսեի, Թաթոս Բեբեքի և Ջերի Հրիմյանի թեկնածությունները։
«Ռադիքալի» հետ զրույցում Պետրոս Շիրինօղլուն ասել է, որ իրեն առայժմ առաջարկություն չի եղել իշխող կուսակցության կողմից։
«Սակայն սպասում եմ։ Եթե պարոն վարչապետը ցանկանա, առաջարկությունը կլինի։ Ես միշտ պատրաստ եմ»,– ասել է Շիրինօղլուն։
Թուրքական պարբերականի հետ զրույցում «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մելքոն Քարաքյոսեն բարձր է գնահատել Էրդողանի գլխավորած կուսակցության՝ հայ համայնքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը։
Իսկ Ժողովրդա–հանրապետական կուսակցությունից թեկնածու Արև Ջեբեջին հայտարարել է, որ ընտրվելու դեպքում թուրքական խորհրդարանում բարձրացնելու է հայ համայնքի խնդիրները։
«Որպես մի մարդ, ով շատ մոտիկից է ծանոթ հայ համայնքի խնդիրներին, ընտրվելու դեպքում դրանք պատրաստվում եմ բարձրացնել խորհրդարանում»,– «Ռադիքալին» ասել է Ջեբեջին։
Թերթ.am
0 Response to 'Թուրքական «Ռադիքալ»–ը զրուցել է պատգամավորության հայ թեկնածուների հետ'
Publicar un comentario